«Խաղացանկը չեմ ջնջում, բայց վերանայում եմ, վերափոխում եւ լրացնում պրեմիերաներով»

«Խաղացանկը չեմ ջնջում, բայց վերանայում եմ, վերափոխում եւ լրացնում պրեմիերաներով»

«Առավոտը» շուրջ 3 ամիս է՝ ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գործունեությունը: Պատճառը՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի՝ թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար նշանակվելն է: Վերջին ժամանակներում որոշ թատրոններում նոր գեղարվեստական ղեկավարի նշանակվելուն պես «ջնջվում» է համարյա ողջ խաղացանկը, ավելին՝ նա սկսում է նորովի բեմադրել խաղացանկում եղած այս կամ այն բեմադրությունը: Դավիթ Հարությունյանի դեպքում արձանագրեցինք հետեւյալը. այս կարճ ժամանակահատվածում ներկայացվել է երկու պրեմիերա՝ բրազիլացի մանկագիր Մարիա Կլարա Մաշադուի «Փոքրիկ ուրվականը» (ռեժիսոր՝ Արման Միրիջանյան) եւ նոր գեղարվեստական ղեկավարը վերականգնել է 2000-ականների վերջին իր բեմադրած Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Սա՝ ստեղծագործական մասով: Նորություն է, որ հանդիսատեսը հանդիսասրահ է հրավիրվում նոր կոչնակներով, ընդ որում՝ ցերեկային եւ երեկոյան ներկայացումների դեպքում տարբեր երաժշտական կոչնակներով: Ցերեկայինի դեպքում զանգը ղողանջում է Մարտին Վարդազարյանի երաժշտության հնչյուններով՝ գրված ներկայացման համար, որի անվանումը չենք մտաբերում: Իսկ երեկոյան ներկայացումների սկիզբը ազդարարում է Կոնստանտին Օրբելյանի հանրահայտ «Իմ Երեւան» երգի ղողանջը: Արձանագրեցինք մի կարեւոր փաստ եւս, ինչը վերջին շրջանում հուզում է առանց բացառության մշակութային բոլոր օջախների կենսաթոշակի տարիքի արվեստագետներին. այս թատրոնից մինչ օրս վաստակած հանգստի չի ուղարկվել ոչ մի արտիստ: Տեսարաններ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումից: Հասկանալի է թատրոնի մարդկանց եւ հանդիսատեսի շրջանում Դավիթ Հարությունյանի անվան շուրջ պտտվող այն հիմնական միտքը, թե երիտասարդ արվեստագետի համար մեծ ռիսկ է ղեկավարել ավանդույթներ ունեցող թատրոն, որի այցելուն ամեն ինչ նկատող մանուկներն ու պատանիներն են, որոնց գեղագիտական պահանջը բավարարելը իսկապես դժվար է: Միայն նշենք, որ այս թատրոնում են ստեղծագործել այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանը, Աստղիկ Աղասյանը, Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանը, Երվանդ Ղազանչյանը… 1997-ից էլ գեղարվեստական ղեկավարն էր Հակոբ Ղազանչյանը: Մենք քանիցս ներկայացրել ենք տարբեր թատրոններում Դավիթ Հարությունյանի աշխատանքները՝ ռեժիսորի առաջին գործը 2000-ականների կեսերին Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը», հետո Նիկոլաս Բայերի «Դեպք մետրոյում», ապա Հրաչյա Բեգլարյանի «Արծվաբույն» բեմադրությունները: Դրանք իրենց ժամանակին դարձան մասնագետների, եւ ոչ միայն, բուռն քննարկման նյութ: Թեեւ թատրոնի խաղացանկում մեզ ծանոթ ներկայացումներ են, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք՝ խաղացանկում սպասվո՞ւմ են փոփոխություններ: «Հարցի ենթատեքստը պարզ է ինձ: Խաղացանկը հաստատ չեմ ջնջելու, բայց վերանայում եմ, վերափոխում եւ լրացնում պրեմիերաներով: Առաջիկայում Եղիշե Խերանյանի ռեժիսուրայով մեր հանդիսատեսին կհրավիրենք Ազատ Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը» ներկայացման պրեմիերային»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Զրույցի ընթացքում Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, իր խոսքերով՝ «հրավիրելու եմ բացառապես օժտված երիտասարդների՝ ռեժիսորների, բեմանկարիչների, զգեստների դիզայներների, կոմպոզիտորների, խորեոգրաֆների, կարճ ասած՝ թատրոնի հետ կապված մասնագետների»: Ասաց, թե մինչ օրս թատրոնի տոմսարկղը գտնվում է միայն այս օջախի ներսում, ապա քաղաքապետարանի հետ լուծում են նաեւ այս հարցը. «Քանի որ թատրոնը քաղաքապետարանի ենթակայության է, կադրային, շինարարական, ստեղծագործական, ֆինանսատնտեսական, հյուրախաղային ու նման մոտ հարյուր հարց քաղաքապետարանի հետ ենք քննարկելու եւ փորձելու լուծում տալ: Օրինակ՝ անհրաժեշտ է լուսաձայնային բարձրակարգ տեխնիկա: Հասկանում ենք, որ դա թանկ հաճույք է, բայց հուսով ենք, որ միայն քաղաքապետարանի աջակցությամբ կհասնենք այս հարցի լուծմանը: Աշխատանքներ է տարվում թատրոնի եւ հասարակայնության հետ կապերը էլ ավելի աշխուժացնելու, հայտագրերը ներկայանալի մատուցելու ուղղությամբ, վերանայում ու վերաձեւում ենք թատրոնի կայքը, եւ այլն»: Ինչ վերաբերում է կենսաթոշակային տարիքի դերասաններին, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Ոչ մի թատրոն չի կարող նույնիսկ գոյատեւել առանց փորձառու դերասանների: Եթե բեմում, ասենք, Էդիպ արքան է, 30 տարեկանին մորուքով չես ներկայացնի… Մի խոսքով՝ սա կաբարե կամ այն հաստատություններից չէ, որտեղ միայն բարետես աղջիկներ են հարկավոր»: Դավիթ Հարությունյանը, կանխելով մեր հարցը, նշեց, որ թատրոն այցելում են նաեւ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերից, ինչը լավ ավանդույթ է այստեղ ու հավելեց. «Աբոնեմենտային սիստեմը, գտնում եմ, որ պարտադիր է, թեեւ մեր ադմինիստրացիան աշխատում, առաջարկում է, բայց ոչ պարտադրում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ