«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի սյուժեով «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացումը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Բեմադրիչի փոխանցմամբ՝ փորձել է ստանալ գունեղ հեքիաթ. «Եթե պիեսը չունի գրական լավ հենք, ապա այն ձախողվելու է: Այս անգամ ընտրությունս կանգ առավ Գրիմ Եղբայրների գործին: Այն շատ հայտնի գործ է: Անշուշտ, մի քիչ վախենալու հեքիաթ է, բայց հետաքրքիր: Բացասական է կարծիքս ամանորի այն ներկայացումների մասին, որոնք, այսպես ասած, միայն կոմերցիոն շահ են հետապնդում` հետին պլան մղելով ներկայացման որակը»:
Դ. Հարությունյանը համոզված է, որ երեխաներին ներկայացումը դուր կգա:
«Հեքիաթն ունի խրատական բնույթ: Այն է՝ չդավաճանել հարազատ մարդկանց, լինել ընկերասեր ու բարի, ուժեղ ու դիմացկուն, հաղթահարել բոլոր տեսակի դժվարություններն ու չհուսահատվել: Այստեղ նաև շատ մեծ սեր ու հոգատարություն կա միմյանց հանդեպ: Նկատի ունեմ ավագ եղբոր՝ կրտսեր քրոջ նկատմամբ, և դա ողջունելի է»:
Բեմադրիչը նշեց, որ ներկայացումը շատ կարճ ժամանակում է բեմադրվել. «Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել թատրոնի ողջ անձնակազմին, մասնավորապես գլխավոր նկարչին, բեմադրական մասին ու նկարչական անձնակազմին, որոնք մի մարդու պես աշխատեցին: Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանին հաջողվեց ստանալ հրաշալի լուծումներ. ներկայացման ընթացքում իրար են հաջորդում հետաքրքիր պատկերներ: Տպավորիչ է նաև դերասանների խաղը»: