Պատանի հանդիսատեսի թատրոնի երախտավորները և հիմնադիրները

Ավելացվել է: 20-03-2012, 23:10
Պատանի հանդիսատեսի  թատրոնի երախտավորները և հիմնադիրները1929թ. նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը, հանդիսավոր պայմաններում բացվում է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Մոսկվայում ուսանած և ժամանակին թատերական արվեստին քաջատեղյակ Տ. Շամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:

Առաջին տասնամյակը թատրոնի համար ստեղծագործական որոնումների, սկզբունքների ճշտման, աղգային խաղացանկի ստեղծման, դերասանական ուժերի ընտրության տարիներ էին: Թատրոնի հիմնադիր կազմը սկսում է աճել նոր դերասաններով: Թատրոն են գալիս Ա. Շիրոյանը, Վ. Մուրադբեկյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Կ. Հարությունյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը, և ուրիշներ: Ստեղծվում են մի շարք հետաքրքիր ներկայացումներ` «Անկա» , «Գիքոր» «Քաջ Նազար»: Վերջին երկուսը 1940թ. ցուցադրվում են Մոսկվայում` մանկական թատրոնների ստուգատեսին և արժանանում մայրաքաղաքի թատերական հասարակության ջերմ ընդունելությանը:

Թատրոնի երկրորդ տասնամյակը կապվում է հայրենական պատերազմի և հետպատերազմյան վերականգնման տարիների հետ: Այս շրջանում փոխվում է խաղացանկը, փոխվում են մարդիկ: Թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ` Հ. Ղափլանյանը, Է. Վարդանյանը, Գ. Յաղջյանը, Գ. Չալիկյանը, Բ. Տրդատյանը, Ա. Առաքելյանը, Գ.Ստամբոլցյանը, Ն. Քարումյանը, Վ. Արաքսմանյանը, Ռ. Գուլակյանը և ուրիշներ:

Թատրոնի առաջ նոր խնդիրներ են ծառանում: Խաղացանկ են մտնում հայրենասիրական և ռազմաշունչ պիեսներ: Դերասաններից շատերը մեկնում են ռազմաճակատ` իրենց հայրենասիրական պարտքը կատարելու և նրանցից ոմանք չեն վերադառնում: Շատ տարիներ են անցել, բայց այդ Օրերի ներկայացումները չեն մոռացվում: «Ցասում» «Կապավորը», «Թիկունքում», «Խաչատուր Աբովյան»... ինչքան պատանի սրտեր են հուզել այս ներկայացումները:

50-ական թվականների սկիզբը բեկումնալից եղավ: Թատրոն է գալիս նորաստեղծ թատերական ինստիտուտի շնորհալի շրջանավարտների մի մեծ խումբ` Է. Էլբակյանը, Ն. Դալլաքյանը, Մ. Թամրազյանը, Ի. Ղարիբյանը, Զ. Տեր-Կարապետյանը, Ժ. Ներսիսյանը, Վ. Խաչիկյանը, Գ. Չեպչյանը, Ն. Չալիկյանը, Ա. Սիմոնյանը, Տ. Շահինյանը, Ջ. Խաչատրյանը, Գ. Մանուկյանը և ուրիշներ: Այդ նույն խմբի մեջ էին թատերագետներ Հ. Երանոսյանը, Մ. Բերոյանը, ռեժիսորներ` Մ. Ասլանյանը և Զավեն Տատինցյանը: Շատ շուտով թատրոնի ղեկը իր ձեռք վերցրեց Հ. Երանոսյանը` համարձակ, ռոմանտիկ մի անձնավորություն և թատրոնի գործունեությունը մի նոր թափ ստացավ: Մեկը մյուսի հետևից ստեղծվում են հետաքրքիր, գեղարվեստական բարձրարժեք ներկայացումներ «Հորձանուտ», «Ռևիզոր» «Սեր և Խարդավանք» «Ագռավը» ... Եվ ահա, 1958թ., երկրորդ անգամ թատրոնը հայտնվում է Մոսկովյան փառատոնում` այս անգամ արդեն Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբը» և Գ. Յաղջյանի «Ոսկի քաղաքը» ներկայացումներով: Հաջողությունն ակնբախ էր, ստեղծագործական խմբի 19 անդամներ դառնում են փառատոնի դափնեկիրներ:

Իր պատմության այս փուլում, թատրոնի նոր վերելքներն ու հաջողությունները կապվում են ՍՍՀՄ ժող. Արտիստ` Հ. Ղափլանյանի անվան հետ: Նա իր ռեժիսորական գործունեությունը այս թատրոնում է սկսել և երկար տարիներ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից շատերը թատրոնի պատմության լավագույն էջերն են կազմում:

Տարբեր ժամանակներում թատրոնի խաղացանկում հայ հեղինակներ Գ. Յաղջյանի, Ա. Շայբոնի, Մ. Քոչարյանի, Ա. Արաքսմանյանի, Ա. Շահինյանի, Զ. Խալափյանի, Կ. Սիմոնյանի, Ս. Հարությունյանի պիեսների կողքին, իրենց տեղն են գրավել ռուս դրամատուրգներ Վ. Լյուբիմովայի, Ս. Մարշակի, Վ. Ռոզովի, Ս. Միխալկովի, Գ. Մամլինի և շատ ուրիշների գործերը, որոնք բացահայտել են ժամանակակցի հոգևոր աշխարհը, առիթ հանդիսացել լուրջ զրույց բացելու ոչ միայն երեխաների, այլև ծնողների և մանկավարժների հետ:

Թատրոնի փառատոնյան երթը կանգ չի առնում: 1961 և 1968թթ Երևանում և Բաքվում կայացած մանկական թատրոնների Անդրկովկասյան փառատոններում ցուցադրված «Սուրի և Սամի արկածները», «Գիշերային հրաշք», «Իմ սիրելի փոքրիկը», և «Ռոմանտիկները» բեմադրությունները թատրոնին նոր հաջողություն բերին: Այդ Օրերին կենտրոնական մամուլում հրապարակված գրախոսականները հատկապես նշում էին թատրոնի ստեղծագործական ոճը, բեմական ինքնատիպ և հետաքրքիր լուծումները, դերասանական բարձրարվեստ կատարումները:

70-ական թվականներին թատրոնի ստեղծագործական կազմը դարձյալ համալրվեց ինստիտուտի շրջանավարտներով` Ա. Սանթրոսյան, Գ. Տրդատյան, Ս. Չալոյան, Ա. Մաթևոսյան, Գ. Մկրտչյան, Զ. Աբրահամյան, Վ. Հակոբյան, Մ. Նազարյան, Ա. Ղուկասյան, Հ. Մարգարյան, Փ. Կոզակյան, Ա. Շահվերդյան և ուրիշներ: Նրանցից շատերն իրենց դրսևորեցին որպես վառ անհատականություններ և թատրոնի ավագների հետ միասին կիսեցին ողջ խաղացանկի ծանրությունը:

1980թ. մեծ շուքով նշվեց թատրոնի 50 ամյակը և կատարած ծառայությունների համար թատրոնը արժանացավ կառավարական բարձր պարգևի: Թատրոնի հետագա հաջողություններն առնչվում են նրա նոր գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ե. Ղազանչյանի հետ, որը շուրջ տաս տարի գլխավորեց թատրոնը: Այդ տարիներին նրա իրականացրած մի շարք բեմադրությունները մեծ հաջողություններ բերեցին թատրոնին` նոր էջ բացելով նրա պատմության մեջ:

1997թ.–ից Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ գրանցեց իր պատմության մեջ. բազմաթիվ շրջագայություններ տարբեր երկրներ, մասնակցություն հայտնի փառատոնների Վրաստանում, Ուկրանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Իրանում, Մակեդոնիայում, Մոլդավիայում և այլուր...
 

2017թ.-ի սեպտեմբերի 1-ից Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:

 

скачать dle 10.6фильмы бесплатно