ԱՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՇՈՒՆ Է

Ավելացվել է: 13-09-2014, 02:48

ԱՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՇՈՒՆ ԷԱսում են արդեն աշուն է: Միգու՞ցե այո: Աշուն նշանակում է անձրև, տերևներ: Աշուն նշանակում է տերյանական խոհերով տարվելու, մի տեսակ իմաստնանալու եղանակ: Աշուն նշանակում է նաև թատերական տոների ու հրավառությունների եղանակ: Եվ, ահա, հրավառություն, ահա թատերական աշնան մեկնարկ: Ահա տոն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 85-րդ թատերաշրջան, որը մեկնարկեց մոլդովացի նշանավոր դրամատուրգ Կոնստանտին Կեյանուի «Կոնտեյներում» պիեսի բեմադրությամբ: Բարձրացվեց ազգային հզոր ու շատ ցավոտ խնդիր: Հնչեց հրատապ մի կոչ, որի հասցեատերը համայն հայությունն էր: 
Նուրբ հումոր, ձաղկող հեգնանք, թեթև ու դինամիկ զարգացումներ, առատ կատակերգական իրավիճակներ, անզուսպ ծիծաղ: Այսպես կարելի է ամբողջացնել բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական ձեռագիրը: Արցունքներ չսիրող այս ռեժիսորը կորզում է արցունքներ, բայց` ուրախության: Ինչու չէ, ցավեցնում է հոգիդ, բայց մի պահ, այն էլ` զգուշորեն, որին էլ հաջորդում են գլխապտույտ ուրախ ռիթմերը`մոռացության տալով քիչ առաջ զգացածդ: Ուստի և, պատահական չէ, որ այս ռեժիսորի ուշադրությունը գրավել է Կեյանուի պիեսը, որը իր բեմական կերպավորումը գտնելով հայ թատրոնում չի փոխադրվել, բայց և միանգամայն հայինն է դարձել: Ներկայացումը դիտելիս դու ծիծաղում ես, իսկ մինչ այդ բարեկամիդ հրաժեշտի խոսքեր շշնջալիս` արտասվում: Ահա այս եզրերն են, որ գտնված են այստեղ, ահա սա է, որ ստիպում է մոռանալ արտագաղթելու մասին: 
Բեմը ներկայանում է ճամպրուկային տրամադրությամբ, կահավորումը զուսպ է, ճաշակով /Անտոն Քեշիշյան/: Պատկերը ամբողջացնելու են գալիս երթևեկության կանոնները հուշող նշաններ, մեքենաների անիվներ, վառելիք պարունակող թիթեղյա մեծ տարա և այլն: Այս միջավայրում քննության է առնվում երեք ճամփորդի և մեկ կեղծարարի կյանքի մի պահ, որտեղ նրանք մեկմեկու են հանդիպում, իրար վարպետության դասեր տալիս, անձնագիր գնում ու ի վերջո մեկնում:
Արթուր Կարապետյանի ճամփորդը  նախկին ուսուցիչ է, ով իր արտաքին նկարագրով մյուսների համեմատ ազնվական է հիշեցնում: Կրում է ցիլինդր, շապիկ, ժիլետ, փայլեցված կոշիկներ: Պատշաճ շարժ ու ձևով է, սակայն արի ու տես, որ բավական է հայտնվի արտասահմանյան անձնագիրն ու այս ճարպիկ հարգելի պարոնը կերպարանափոխվում է: Նրա պատմություններում իր ճամփորդական հերոսությունները ծայր են առնում Իռլանդիա կատարած ուղևորությունից ու իրենց շարունակությունն են գտնում կոնտեյերում: Դերասանը ներկայանում է զուսպ, պասիվ շարժուձևով, նկատելի է, որ յուրաքանչյուր շարժում նախապես գտել է իր տրամաբանական հիմնավորումը: Վրդովմունքի տեսարաններում, երբ կերպարը հիշում է ստուգողների վարմունքները` հույզերը գլուխ են բարձրացնում: Նա դառնում է անկառավարելի, բայց և վարպետորեն շրջանցում հուզմունքն ու ծրագրում իր հետագա քայլը: Հանդիսատեսը այս հերոսին հրաժեշտ է տալիս բուռն ծիծաղով, վերջինիս ձեռքին գողացված անձնագիր է, իսկ շուրթերին մարդու` մարդ մնալու մասին արտահայտություն:  
Բեմում ծավալվող իրադարձությունների կենտրոնում Արտաշես Հարությունյանի կերպարն է: Վերջ ի վերջո հենց նա է կոնտեյներում կնքում իր տրագիկ ավարտը: Դերասանը կերպարի համար ելակետ է դարձրել լիտվերեն արտահայտություններ, որոնք իրավամբ սխալ են, բայց կերպարը գունեղ են դարձնում: Ճիշտ է, այս հայրենաթողը ևս իր հերթին  խորամանկ է, բայց հիմնականում առանձնանում է նուրբ հոգով, չիրականացած երազանքներով, իր` վաղվա օրվա հանդեպ ունեցած հավատով: Հանդիսատեսի համար մեծ ցնցում է նրան Մեսսի մարզաշապկով տեսնելը, ինչը կերպարի համար ևս մեկ նշանակալի ու գտնված դետալ է: Մարզաշապիկ, որը հիշեցնում է դեռևս չմոռացված խաղի մասին, հոգոցներ կորզում երկրպագու հանդիսատեսից, բայց մխիթարական խոսքեր ոչ ոք չի շշնջում: Դերասանը բավական վարպետորեն է խաղարկում իր օտար լեզվի գիտելիքների ստուգման տեսարանը և սխալվելու դեպքում խիստ ափսոսանք հայտնում: Երբեք հնարավոր չէ մոռանալ մարաթոնյան վազքի ու կապիկներին կերպավորելու տեսարանները: Այստեղ այս կերպարները իրենց նվաստացած վիճակին մեկտեղում են սահմանահատման ընթացքում կրած հերոսական տանջանքները: Հումորը հեղեղում  է բեմը, ապա պոռթկում ու հեղեղում հանդիսասրահը: 
Ներկայացման առանցքային մյուս կերպարը Սամվել Դանիելյանինն է :Սև ակնոց, կոստյում, էլեգանտ, հաշվարկված շարժումներ, ինքնավստահություն: Իր գործի մեջ հմտացած, դիմացինին չարժևորող, անբռնազբոս: Կերպար, ով բազում անձնագրեր է կեղծել, կերպար, ով տիրապետում է սահմանային անցակետերին առնչվող ցանկացած միջոցի, սառն է, զուսպ: Այս գործունյա պարոնին ոչինչ չի կանգնեցնում: Վերհիշելով այս դերասանի ու ռեժիսորի համատեղ մի շարք աշխատանքներ, մենք վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք ստեղծագործողի հետ, ով չի զլանում աշխատել իր կերպարների վրա, դեր առ դեր հասունացնում է, բեմում աշխատելու սեփական տեխնիկա մշակում: Այս ներկայացման մեջ նա ինքնուրույն է, առանձնացած, մյուս կերպարների հետ հնարավորինս քիչ շփվող, ինչը գտնված ելակետ է կերպարի համար: Նկատելի է, որ դերասանը խիստ որոշակի վերաբերմունք ունի իր հագուստի, շարժումների, բեմական վարքագծի նկատմամբ: Ասես, կերպարը ստեղծվել է հայելու առաջ, այն էլ` մեծ խնամքով և, պատահական չէ, որ ստիպում է հարգանքով անդրադառնալ ակնոցակիր այս կեղծարարին: 
Այսպիսի կերպարի կողքին է Իշխան Ղարիբյանի երիտասարդ հերոսը` առատաձեռն, կենսախինդ, ճամփորդական տրամադրությամբ ներկայացող: Նա դեռևս չի տիրապետում արտագաղթողների խաբեություններին ու կարգ ու կանոնին և նրա զարմանքին միախառնվում է հիասթափությունը:
Խաղարկության մեջ են առնվում նաև մանեկենները, որոնք դառնում են հերոսների պատմություններում առկա մարդիկ, օրինակ` սահմանային ստուգման աշխատակից և այլն: 
Յուրօրինակ ռեժիսորական մտահղացում է ավարտական տեսարանի լուծումը, երբ բեմի ետնամասում պարկերի ու դրանց ամրացված օդափոխության խողովակների շքերթ է, ինչը խոսում է արտագաղթի շարունակականության մասին, մի խնդրի մասին, որը առաջնային է, բայց և անտարբերության մատնված: Բարեբախտություն է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը ունի իր խաղացանկային ճշգրիտ քաղաքականությունը և իր հանդիսատեսի շարքերը կարող են համալրել տարիքային տարբեր խմբերի հանդիսատեսներ: 
Կոնտեյներ: Վայր, ուր ծնվում են երազանքներ, ավարտվում ճակատագրեր, դավաճանում են իրար, նվաստանում ու ծաղրվում... 
Աշունը գույներ, տերևաթափ ու անձրև է բերում, թախիծ, բայց և սեր է բերում: Աշունը կարոտ ու միայնություն է բերում: Ճամփաներն աշնանը հենց տուն են բերում:
  

Ռուզաննա Առաքելյան 
թատերագետ

 

скачать dle 10.6фильмы бесплатно