ԻՍԿ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

Ավելացվել է: 24-12-2014, 02:53

ԻՍԿ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Ասել «հայ»՝ նշանակում է խոսել ժողովրդի մասին, ում անցած ճանապարհը լի է տառապանքով, նշանակում է խոսել աչքերի մասին, որոնցից հոսել են դժբախտության արցունքներ: Ասել «հայ»՝ նշանակում է խոսել արյունալի ոճրագործության, մեկուկես միլիոն զոհերի հիշատակն ու կսկիծը սրտի մեջ հավերժ  առած ու հատուցում պահանջող մարդու մասին:
Ի դեմս Պատանի հանդիսատեսի թատրոնի՝ մենք վստահորեն խոսում ենք մշակութային մի օջախի մասին, որը մշտապես արձագանքում է ժամանակակից խնդիրներին, գտնում ու բեմ բարձրացնում մտահոգիչ ու այսօրվա մարդուն անմիջականորեն առնչվող թեմաներ: Թատրոն, որի աշնանային հոբելյանական  թատերաշրջանում միանգամից բեմ բարձրացվեցին  այնպիսի ահագնալի ասելիքով ներկայացող պիեսներ, ինչպիսիք թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ «Կոնտեյներում»-ն է` արտագաղթի ցավալի խնդիրն իր մեջ առած, Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված «Գիշերը Երզնկայի վրա» պիեսը՝ թատրոնի կողմից հրավիրված ռեժիսոր Վարդան Գառնիկի Հովհաննիսյանի բեմադրությամբ:

1915 թվական… Որքա՜ն ճակատագրեր խորտակվեցին այդ տարի, մանկան որքա՜ն աչքեր մահասարսուռ սպանդ ու ոճիր տեսան, որքա՜ն արյուն հեղվեց, որքա՜ն կյանքեր հանգան, արևը որքա՜ն անգամ արյունով ներկվեց այդ տարի...
Իսկ կյանքը շարունակվում է... Գիտե՞ք ինչպես: Ահա այդ շարունակվող կյանքի մասին է ամերիկահայ դրամատուրգ Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշերը Երզնկայի վրա» պիեսը: Այս պիեսը հեղինակը հյուսել է եղեռնի զոհ Արևմտյան Հայաստանից Ամերիկա գաղթած հերոսների շուրջ, ովքեր այդպես էլ երջանիկ չդարձան, ովքեր այդպես էլ կյանքը նոր էջից սկսել չկարողացան, ովքեր այդպես էլ հեղված արյունը մոռանալ չկարողացան:
Այս բեմադրության մեջ առաջին անգամ մենք կարող ենք խոսել բեմադրիչի ու նկարչական ձևավորման հեղինակի /Վարդիվար Քեշիշյան/ կուռ աշխատանքի մասին: Ակնհայտ է, որ նրանց  այս համագործակցության արդյունքում է, որ մենք ունեցանք այսպիսի բարձրաճաշակ ներկայացում: Բեմի հետնավարագույրը պատկերում է տոհմածառ, որը միևնույն ժամանակ և կենաց ծառ էր` իր արտացոլանքը արցունքից գոյացած լճակի մեջ ցուցադրող: Գտնված պատկեր, աշխատող ու ողջ պատմությունն իր մեջ ամփոփող պատկեր:
Ներկայացման մեջ մեկտեղվում էին անցյալն ու ներկան. մե՛կ 1914 թվականն է, մե՛կ` 1963թ., մե՛կ` 1938թ., մե՛կ տասը տարի անց, և այսպես շարունակ: Ահա այսկերպ զարգացող իրադարձությունները ռեժիսորը բեմադրել է կոմպոզիցիոն սկզբունքով: Օգնության է հասել նաև կինոյին բնորոշ մոնտաժային աշխատանքը: Վ. Քեշիշյանը բեմ է բերել բեմական միջավայրերը պատկերող անհրաժեշտ պաստառներ, որոնք, առաստաղից ցած իջնելով, պատկերում են Օղիդանյանների և Աղավնու բնակարանները կամ՝ հոգեբուժարան:
Բեմում իր հիշողություններով հերոսների մուտքերը կազմակերպող տարեց Էսթրեան է /Շուշանիկ Ղազարյան/, ով իր հուշերի շքերթը սկսում է Մեծ Հորից ու եզրափակում տոհմածառի վերջին շառավիղ փոքր Էսթրեայով: Դերասանուհին իր հերոսուհուն կերպավորում է խոհական, մի փոքր միստիկ նրբերանգներով, ինչ-որ տեղ նրան մոտեցնում ճակատագրական կնոջ կերպարի:   
Բարդ, պատասխանատու խնդիր է դրված ներկայացման մեջ զբաղված դերասանների առջև: Եվ ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը, բեմ բարձրանալով, իր հոգու պարտքն է կատարում, խոնարհվում իր Մեծ Հայրիկի ու Մայրիկի առջև:
Ալիս /Սիրանուշ Լազյան/: Կենսախինդ, ծաղկի պսակը գլխին առած պարմանուհի, ում երազանքները հյուսվում են բանաստեղծի հոգով երիտասարդի հանդիպելու շուրջ: Աղջնակ, ով փարթամ հովիտներից է ու քնարական հոգով: Դերասանուհին իր հերոսուհուն ներկայացնում է թեթևաքայլ, թիթեռնիկի ճախրանքով, անզուսպ ու լիաթոք ծիծաղով: Հանդիպելով իր երազանքների տղամարդուն՝ թվում է, թե բախտը ժպտում է նրան, բայց ոչ: Հանգամանքները դասավորվում են այլ կերպ: Նա ազատության է ձգտում, բայց հանդիպում շղթաների: Անցյալը իր ճիրանների մեջ է առնում նրան, ու փոքրիկի սպանության տեսարանն անընդհատ հետապնդում է Ալիսին: Արյան գույնը խուժում է նրա գիտակցություն, ու սկսվում են նոպաները: Դերասանուհին նոպաները խաղարկում է մեծ պոռթկումով` սպիտակ զսպաշապիկով, հերարձակ, ողբալով այս ու այն կողմ նետվում, անընդհատ փորձում հատակից երևակայական արյունը մաքրել:
Այլ է տարեց Ալիսը /Լարիսա Ղևոնդյան/: Նա խեղճացած է, դողդոջուն ձայնով, մարած հայացքով, հոգեբուժարանի մռայլ ու դժգույն սենյակում ծվարած: Հզոր տեսարան է վարդի ու ժամի խաղարկման տեսարանը, որտեղ դերասանուհու յուրաքանչյուր հայացք, շարժվող մկան դառնում է նրա ողջ ներքին հուզական վիճակի կրողը: Ալիսը սրտի մեջ առած մեծ ցավ ունի, որը դերասանուհին մեծ հմտությամբ է ի դերև հանում: Քնարական հույզերով տարված այս երբեմնի աղջնակը այժմ միայն մահվան մասին է երազում: Տեսնել է պետք, թե որքան պրոֆեսիոնալ է դերասանուհին կերպավորում իր հերոսուհուն հոսանքահարման տեսարանում: Նա դողում է, ձայնում, խիստ զուսպ շարժումներով է, սառնասիրտ: Այն անտարբերությունը, որով նա ընդունում է բժիշկներին ու նրանց հրահանգները, ցույց է տալիս նրա հոգում մարած հույսերը: Բայց սպասե´ք: Մի պահ կա, վերջին մի պահ, որտեղ տարեց Արտավազդը /Տրդատ Մակարյան/ նրան այցելության է գալիս: Գիտե՞ք, թե ինչքան հույզեր կան այդ տեսարանում: Հիշողությունը փոթորկում է նրանց: Արտավազդը ստանում է իր նախկին կենսուրախությունը և մեծ հիացումով Ալիսին մեկնում թոռնուհու լուսանկարը: Զվարթանում է նաև Ալիսը, և նրա աչքերը փայլատակում են, ու շուրթերին նույն ժպիտն է` այն առաջին հանդիպման ժպիտը:
Իր ծննդյան տարեդարձը տոնող երիտասարդ Արտավազդը /Իշխան Ղարիբյան/ անգամ պատկերացնել չէր կարող իրեն սպասող կյանքի մասին` դեպի Ամերիկա փախուստի ու նոր կյանքը սև կոստյումը հագին սկսելու մասին: Ճակատագիրը նրան ափեափ է նետում, ծանրաբեռնում հոգսերով: Երաժիշտը դառնում է իր տնտեսությամբ տարված ու խիստ գործնական խառնվածքով ներկայացող պարոն: Սակայն անհնար է չնկատել սիրտ մաշող կարոտը` կորցրած լուսառատ գիշերների ու բնության հանդեպ: Կերպարի ներաշխարհի բացահայտմանը նպաստելու է գալիս նրա փոթորկուն պարի տեսարանը, որտեղ Արտավազդն ասես ամբողջացնում է պատահած ողջ ողբերգական անցքերը, դրանք ի դերև հանում շարժումների միջոցով:
Ներկայացման մեջ կարևորված են էպիզոդիկ կերպարները, որոնցից յուրաքանչյուրն իր խիստ որոշակի գործունեությունն ունի բեմում:
Բժիշկը /Սամվել Դանիելյան/ ներկայանում է խիստ գործնական ու զուսպ կեցվածքով: Նրա մուտքը բեմ՝ իր հետ ասես սառնություն է բերում ու մի տեսակ վախի զգացողությամբ համակում հանդիսատեսին: Հիվանդապահուհին /Անի Բայաթյան/ իր հիվանդներին լավ ճանաչողի կեցվածքով է ու իր աշխատանքը կատարում է՝ ավելորդ բառեր չշռայլելով, չզարմանալով ու ինքնատիրապետումը չկորցնելով:
Թասակով թուրք զինվորը /Ապավեն Ալեքսանյան/ կոչված է ահաբեկելու և նրա  մուտքը բեմ՝ տոնը հրաժեշտի տեսարանի է վերածում:  Իր խոսքը համեմելով թուրքերեն նախադասություններով՝ դերասանը գունեղացնում է իր կերպարը: Զենքի կիրառումը ևս գալիս է ամբողջացնելու այս անփույթ հագնված էֆենդու կերպարը:
Իրենց հետ բոլորովին այլ, գունեղ տրամադրություն են բերում Վիգեն Թադևոսյանի և Կոնստանտին Կոզմանովի հերոսները: Բիենվենիտո-Թադևոսյանը հարուստ ներաշխարհով, ռոմանտիկ մի պատանի է, ում գերում է տանիքին թափվող անձրևը: Իր տարբերվող պատկերացումներով, էլեգանտ հագնված այս երիտասարդը գերում է քմահաճ պարուհի Աղավնու սիրտը /Անի Վարդանյան/, ու նրանց ներկայությունը բեմում ապահովում է քնարական ու խնդությամբ լեցուն մթնոլորտ: Ալբերտո-Կոզմանովը պակաս երևելի պարոն չէ: Բավական է միայն հայացք նետել իտալացու արևային գլխարկին, ժիլետին ու բեղերին, արևային ակնոցին, ու համակվում ես անզուսպ ծիծաղով: Ավելին` դերասանը կարողանում է գրոտեսկային լուծումներով ամբողջացնել իր կերպարը ու համոզիչ ներկայանալ անհավանական մի շարք իրավիճակներում:      
Այս թատրոնի բեմադրությունները խոսում են արվեստագետի մասին, ով հայ է իր բոլոր առումներով, հայ է, ով հայի կողքին է, հայ է, ով ճանաչում է հային, ով իր կռիվը այս կերպ ու այս բեմում է իրականացնում:
Այսպիսով, պատմություն` միահյուսված անցյալի ու ներկայի մասին: Պատմություն` արյունալի դեպքերի ու շարունակվող կյանքի մասին:
 
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ
скачать dle 10.6фильмы бесплатно