ԵՊՀԹ – 8 5

Ավելացվել է: 16-09-2014, 03:13

ԵՊՀԹ – 8 5Իր հոբելյանական թատերաշրջանը Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը (ԵՊՀԹ) բացեց ժամանակակից մոլդովացի դրամատուրգ Կոնստանտին Կեյանուի «Կոնտեյներում» պիեսի Հակոբ Ղազանչյանի հեղինակած ամենևին էլ ոչ զվարթածիծաղ բեմադրության առաջնախաղով։ Հետխորհրդային իրականության ամենակնճռոտ խնդիրներից մեկի՝ զանգվածային արտագաղթի թեմայի ղազանչյանական բեմատեսիլքին անմիջականորեն հաղորդակցվող առաջին հանդիսասրահները, անկանխատեսելի մետամորֆոզներ ի հայտ բերող շեշտադրումների ներգործությամբ, տեսարանից տեսարան  վերածվում էին ինքնօրինակ ընդգրկուն բեռնախցիկների, որոնցում տեղակայված հանդիսատեսներն իրենք կամա-ակամա դառնում էին  զարտուղի հնարքներով գոյատևման նկրտումներում ձախողման դատապարտված, կյանքի արժանապատիվ հունից դուրս շպրտված արարածներ։ ԵՊՀԹ ներկա թատերախմբի չորս հանրաճանաչ «պատվիրակները»՝ Արտաշես Շահվերդյանը, Արթուր Կարապետյանը, Սամվել Դանիելյանն ու Իշխան Ղարիբյանը բեմադրամտահղացման գլխավոր ասելիքին միանգամայն համահունչ էին կերպավորում «շուկայական» հորջորջված հասարակարգի ի հայտ բերած մարդկային տխեղծ այլափոխությունները։ Ավելին, ի հեճուկս թատրոնում առավելապես անհոգ զվարճություն ակնկալողների, համադաշն խաղաոճով աներևույթ թանձրացնում էին անկախական քաոսի հարուցած բեռնախցիկային անօդ միջավայրում կամավոր շնչահեղձ լինող մարդկային արարածների արատավոր դրսևորումները։  Եվ,  ամբողջանալով, ընդլայնվում էին  երբեմնի հանրային բարեկեցության համընդհանուր  փլուզման առեղծվածի վերծանման «մոլդովական» մոտիվների տարածական ծավալները հայաստանյան նրբերանգներով։

                   

                ՏԱՍՆՅԱԿ  ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ  ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ  ԹԱՏՐՈՆԸ


1929թ. նոյեմբերի 29-ի երեկոյան, ՀԽՍՀ առաջին պետթատրոնի  շենքում խաղարկված   Գ. Սմիրնովի և Ա. Շչերբակովի «Պայթյուն» պիեսի ներկայացմամբ, հայ բեմարվեստի տարեգրության մեջ նոր էջ բացվեց։ Ազդարարվեց հանրապետության առաջին պատանեկան թատրոնի ծնունդը։ Հիմնադիր գեղարվեստական ղեկավար Տիգրան Շամիրխանյանին թև ու թիկունք դարձան Լևոն Քալանթարն ու Արմեն Գուլակյանը։ Եվ, նորակառույց երկրի դժվարին շենացմանը համընթաց,  ընտրված    ստեղծագործական կազմի լիավյուն  եռանդով միայն առաջին թատերաշրջանում 70 ներկայացում խաղացվեց 20 հազար հանդիսատեսի համար՝ ապավինելով հիմնականում թարգմանական դրամատուրգիային։  Սեփական դիմագծի հստակեցման  առաջին  ցայտուն արտահայտություններից  եղան՝  «Ֆրից Բաուերն» ու «Անկան», «Գիքորն»  ու  «Քաջ Նազարը», «Դավիթ Կոպերֆիլդն» ու «Երևակայական հիվանդը», «Ռևիզորն» ու «Էլի մեկ զոհը» ... Մինչև 1938-ին Պիոներների և դպրոցականների քաղաքային պալատի նորակառույց շենքում հաստատվելը «աղքատ ազգականի» կարգավիճակով Կարմիր բանակի սպայի տանը (երբեմնի Ջանփոլադյանների թատրոնում) շաբաթական  ընդամենը 2 բեմելի հնարավորությունից չընկճվելով՝  թատերախումբը շարունակում էր խնամքով հղկել կատարողական ունակությունները, հարստացնել խաղացանկը։ Պալատի գրական և թատերական խմբակներում, մեր գրչի ու բեմի ականավոր վարպետների (Գարեգին Բես, Արուս Ոսկանյան, Պերճ Գևորգյան  և ուրիշներ) նրբահմուտ առաջնորդությամբ, բացահայտվեցին և ուղղորդվեցին մատաղ սերնդի համարժեք շնորհները՝ համբերատար ձևավորելով նոր ժամանակների արվեստագետների կոհորտան (Մետաքսյա Սիմոնյան, Երվանդ Ղազանչյան, Վարդգես Պետրոսյան, Վահե Շահվերդյան, Սերգեյ Առաքելյան, Օֆելյա Համբարձումյան,  Ժիրայր Անանյան և մեր օրերում դեռևս չմոռացված շատ  շատերը)։   
ԵՊՀԹ դերասանական ավանգարդը՝ Նինա Մանուչարյան, Սարգիս Քոչարյան, Վազգեն Մուրադբեկյան, Վարդան Միրզոյան, Երվանդ Ծատուրյան, Սոֆիկ Բեջանյան և տասնյակ ուրիշ նվիրյալներ, պարբերաբար համալրվեց շնորհառատ նորերով՝ Պարույր Սանթրոսյան, Էմմա Ամիրբեկյան, Արտաշես Ղազարյան, Պերճ Գևորգյան, Հրաչյա Ղափլանյան, Էմմա Վարդանյան... 50-ականներին բեկումնային եղավ նորաստեղծ թատերական ինստիտուտի շրջանավարտներ  Էդգար Էլբակյանի, Նինել Դալլաքյանի, Մարուսյա Թամրազյանի, Իշխան Ղարիբյանի, Զարեհ  Տեր-Կարապետյանի, Ժենյա Ներսիսյանի, Գուժ Մանուկյանի  մուտքը։ Ստեղծագործական վերընթաց ապրեց տասնյակ սերունդների պատանեկության  ամենասիրելի թատրոնը։  Երբ 1958-ին  երկրորդ անգամ մոսկովյան ստուգատես-փառատոնում ներկայացրեցին  Միքայել  Շաթիրյանի «Երաժշտախումբը» և Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը»,  ստեղծագործական խմբի 19 անդամներ դափնեկիրներ դարձան: Թատրոնի պատմության լավագույն էջերը  կազմեցին նրա  գեղարվեստական առաջնորդությունը ամենայն պատասխանատվությամբ ստանձնած տաղանդավոր թատերամանկավարժ - բեմադրիչներ Հրաչյա Ղափլանյանի, Զավեն Տատինցյանի, Երվանդ Ղազանչյանի և Մարատ Մարինոսյանի  ռեժիսորական  բարձրարվեստ աշխատանքները: «Սուրի և Սամի արկածները», «Գիշերային հրաշք», «Իմ սիրելի փոքրիկը», «Ռոմանտիկները», «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Ծուռ հայելիների թագավորությունը», «Ագռավը», «Մի քաղաքի պատմությունը», «Խաչագողի հիշատակարանը», «Մկների ժողովը»... ԵՊՀԹ տարեգրության մեջ 1989-ին մնայուն հետագիծ թողեց նաև երգահան, բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանի «Անուն՝ Դոն Քիշոտ» մյուզիքլը (ըստ Միխայիլ Բուլգակովի հանրածանոթ պիեսի) Մայիս Կարագյոզյանի գլխավոր դերակատարությամբ։
Նշանակալից էր ներկա գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի շրջանավարտ Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական դեբյուտը   1982-ին՝ «Չապրած տարիներով»  (ըստ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակի): Յուրովի հարթվեց  ԵՊՀԹ մշտանորոգ կազմի համախոհությամբ  նրա առաջաքայլը  դժվարին 1997-ից ստանձնած գեղարվեստական  ղեկավարության նոր շրջափուլում՝ Պտուշկինայի «Վեցնոցներով», Պետրոսյանի «Դեղատուն «Անի» պատմվածքի հիման վրա ստեղծված «Նամակներ պատանեկության կայարանից»  հաղթական  ներկայացմամբ։ Փորձարարական իր նկրտումների գրավչությամբ շուրջը համախմբելով հիմնականում թատերական գերդաստանների արժանավոր զավակների մի  ստվար խումբ՝  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԹԳՄ նախագահ  Հակոբ Ղազանչյանը  նոր սերնդին հնարավորություն ընձեռեց էապես լրացնելու միջազգային փոխշփումների բացը։ Թե նախաձեռնած փառատոներով, թե Վրաստան, Ուկրանիա, Բուլղարիա, Գերմանիա, Ռուսաստան, Կիպրոս, Իրան, Մակեդոնիա, Մոլդովա կատարած  փառատոնային շրջագայություններով։ Մեր աղքատիկ մշակութային գանձանակի պարագայում բացառիկ ձեռքբերում,  արդի թատերախմորումների համապարփակ ճանաչողության կարևորագույն հարթակ։ ԵՊՀԹ ներկա կատարողական ներուժը ( Արտաշես Շահվերդյան, Արա Մաթևոսյան, Լարիսա Ղևոնդյան, Արմեն և  Արև Սանթրոսյաններ, Արթուր Կարապետյան, Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Գրիգորի Հակոբյան, Շուշան Ղազարյան, Նառա Սարգսյան, Արման Միրիջանյան, Կոնստանտին Կոզմանով, Գոհար Կարապետյան և տասնյակ ուրիշներ) թրծվեց  ու գունեղացավ միջազգային ամենախենթ թատերանախագծերում՝  ի զորու կրելու խաղացանկային բազմազանության ամբողջ ծանրությունը։ Անկախ «վերևների» բարեհաճությունից,  ԵՊՀԹ ներկա սերունդը ջանում է հավատարիմ մնալ իր նախնիների որդեգրած դավանանքին։  Լիներ քաղաքացի կրթող այս թատերակառույցը պետության  լրջագույն ուշադրության կենտրոնում, ներկա կատարողական ներուժի հարաճուն բյուրեղացմամբ կարելի կլիներ 21-րդ դարասկզբին հարիր շքեղ, գունագեղ  ներկայացումներ բեմ հանել։ Եվ անհամեմատ կդյուրանար վաղվա բարեկիրթ հասարակության ձևավորումը,  նորանկախ երկրի գաղափարական հիմքերի  հուսալի ամրակայումը։  
 
 
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

 

скачать dle 10.6фильмы бесплатно