20-ԱՄՅԱ «ՀՈՒՄՈՐԻԿՆԵՐԻ» ՄՇՏԱՌՈՒՅԳ ՄԱՅՐԻԿԸ

Ավելացվել է: 29-12-2013, 03:28

  
20-ԱՄՅԱ  «ՀՈՒՄՈՐԻԿՆԵՐԻ»  ՄՇՏԱՌՈՒՅԳ   ՄԱՅՐԻԿԸՄեր պատանեկության  84-ամյա  թատրոնում  մասնակցում եմ   դերասանուհի, թատերական մանկավարժ  ԱՐԵՎ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հոբելյանական հանդիսությանը։ Երախտագիտության ինքնաբուխ պոռթկումով  միահյուսվում են  հոր՝ ԵՊՀԹ հարուստ տարեգրության անզուգական կերտողներից մեկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանի, մեկդարյա և դստեր  վեցտասնամյա ծննդյան  տարեդարձները։ Երեկոն  հոգևոր ապրեցնող լիցքերով է հագենում, անկեղծության տրամադրում թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Հակոբ Ղազանչյանի որդիական ուղերձից   թև առած։ Բեմի վրա են Վարպետի   թատերական գերդաստանի բոլոր ճյուղերն ու մատղաշ շիվերը՝ Արմենն ու Տաթևը, Շուշանն ու Մարին, նույնիսկ՝ Լիլին ու Հայկը և, իհարկե, աստվածատուր գեղեցկության համար 5-ամյա եղբոր կողմից «Արև» կնքված օրվա հերոսուհին։ Մեկիցս  մյուսին փոխանցված գնահատանքի խոսքերից   առանձնակի ջերմություն է հորդում դահլիճ։ Եվ  Արև Սանթրոսյանի  40-ամյա բովանդակալից  տքնանքն արժևորելիս   ինքս խանդավառ հպարտությամբ եմ բարձրաձայնում, որ 85-ամյա «ԱՎԱՆԳԱՐԴԸ», «Նռան հատիկ» մանկապատանեկան  հանրապետական թատերական փառատոնի անաչառ լուսաբանությամբ, առաջինն է նկատել  ու սեփական նախաձեռնությամբ շնորհած «Մամուլի համակրանք» մրցանակով ըստ արժանվույն գնահատել Մալաթիայի Հայորդյաց տանը նրա  հիմնած «Հումորիկների» տարիքային 2  խմբերի ներկայացրած բեմական շնորհաշատ թոթովանքները։ Այդ հետո, ԵՊՀԹ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ էր, որ Արև Սանթրոսյանն արժանացավ ՀԹԳՄ բարձրագույն պարգևին։ Եվ հիմա, երբ կրկին, այս անգամ արդեն բենեֆիսային   դերակատարության  շարժառիթով, հանդիպել են 90-ամյա «ԱՎԱՆԳԱՐԴՆ»  ու մեծանուն Զավեն Տատինցյանի արվեստանոցում ժառանգած բնատուր շնորհները թրծած  60-ամյա դերասանուհին,  երկրորդ ոսկե մեդալն է նրան հանձնվում՝ ՀՀ մշակույթի նախարարության։ Ժամանակին բազմավաստակ    տաղանդավոր մանկավարժի անուրանալի ավանդը հայրենասեր քաղաքացի կրթելու և աճեցնելու  կարեվեր ոլորտում անհավակնոտ բարյացակամությամբ հանրահռչակած «ԱՎԱՆԳԱՐԴԸ», զարմացած Երևանի քաղաքապետարանի և Կրթության ու գիտության նախարարության  անբացատրելի լռությունից,  ի լուր  ամենքի, հնչեցնում է իր ազնիվ նկատառումը. «Վաղուց  է հասունացել անհրաժեշտությունը Արև Սանթրոսյանին ՀՀ վաստակավոր մանկավարժի  և կամ՝ արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելու։  Երկուսի իրավունքն էլ,  իր համեստ ու նպաստավոր նվիրումով,   բազմիցս է հավաստել»։  Տոնական հանդիսասրահը հավանության ծափերով է արձագանքում՝ գուցե...

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, ով  նաև դերասանական-ռեժիսորական կրթություն ունի,   պատանեկան անմիջականությամբ է արձագանքում ու դրվատում Արև Սանթրոսյանի գլխավոր դերակատարումը, որսում այդ երեկո հատկապես գունեղացած, կոլորիտային   խաղարկման նրբերանգները։ Ամենքին է հիացնում Էսֆիրա Լվովնա – Սանթրոսյանի ստեղծագործական նոր թռիչքը, աննահանջ երիտասարդությունը։   

 
Այդ  դժբախտ ու միայնակ, դահիճ ու զոհ  Ֆիրոչկան

                  
Հանրածանոթ դասականի  ու նորաոճ  արդիականի համադրությամբ ձևավորված միջավայրը /բեմանկարիչ՝ Անտոն Քեշիշյան/ միտումնավոր վարագուրված չէ։ Ենթադրում ես, որ  բեմադրության հեղինակը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը,  Լյուդմիլա Ուլիցկայայի «Իմ թոռ Բենիամինը» տրագիկոմեդիայի յուրատեսիլ բեմավորմամբ, կրկին,  ինքնահատուկ  իրապաշտությամբ, անսեթևեթ  երկխոսություն է ծավալելու Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի խաղահարթակից։ Ընդունելով   պարզ փոխըմբռնման հրավերը՝  փորձում ես մտովի խորամուխ լինել իրատեսականի ու խորհրդանշականի միատեղմամբ «հանդերձավորված»  «անմարդաբնակ» բեմի արտաքին տեսքի ներթաքույց  նրբիմաստներում։ Աջ և ձախ կողմերում ներկայացված է  լայնատարած ճաշասեղանով  և ջահի փոխարեն աջից ձախ ձգվող  ընտանեկան լուսանկարների  վերնասլաց  շղթայով ասես լուսավորվող ու  միավորվող  երկու առանձին, տարաշուք  բնակարանների ներքին հարդարանքը։ Հայացքդ անմիջապես գամվում է խորքային միջնորմը զարդարող հարսանեկան զգեստին, որը  հատուկ խնամքով հագցված է անգլուխ մանեկենին։
Հանկարծ պայթում է հրեական  աշխույժ երաժշտությունը։ Վայրկենապես սթափվում ես մտասուզման թմբիրից։ Պարային տարերքին հանձնված Արև Սանթրոսյանի հերոսուհու հախուռն մուտքը  վարակում է իր անկեղծ ու  կենսախինդ զվարթությամբ, սևեռում  ուշադրությունդ  խանդավառությունից փայլատակող նրա Էսֆիրա Լվովնայի   բեմական անկաշկանդ վարքագծի վրա։  Բնավորությամբ նրանից ի սկզբանե բևեռայնորեն տարբերվող միակ սրտակից  մտերմուհու՝ ներողամիտ  ու քնքույշ  Լիզայի /Մարիետա Նազարյան/ տագնապոտ ու  համբերատար հայտնությամբ  թափ առնող,   անակնկալ շրջադարձերով հարուստ բեմական իրադարձություններն այդուհետ քեզ իրենց ծիրում են ներառնում։  Լուսավոր ու դժվար ժամանակների երանելի վերհուշով, թռիչքաձև ինտրիգող  անցումներով հստակվում  են  նրանց բնակարաններն իրար կապող երբեմնի մարդաշատ ընտանեկան սեղանի պարփակած գաղտնիքները։  Մի պահ թվում է, թե հին-հին օրերի մի հոգեթով երգ է  ծորալու  ընտանեկան ալբոմի էջերից   հառնող հարազատ  դեմքերի ու դեպքերի  միահյուսմամբ։ Ապրված զգացողություններով  տեսարանից տեսարան հագեցված բեմապատումի զարգացմանը համընթաց ավելի ու ավելի է կարևորվում Սանթրոսյանի  հպարտ ու անկոտրում, դժբախտ ու միայնակ Ֆիրոչկան։  Աննախադեպ ինքնամոռաց հրայրքով է կենդանացնում վաստակաշատ դերասանուհին իր հերոսուհու կանացի նկարագիրը, որում զարմանալիորեն հաշտ են գոյակցում դահճի և զոհի իրարամերժ հատկանիշները։ Զավեշտականի ու դրամատիկականի յուրահնար շաղախով, ինքնահատուկ կենսահաստատ հումորով  միանգամայն արդարացնում է  կերպավորած անձնուրաց միայնակ մոր կամային հատկանիշների էգոցենտրիկ դրսևորումները։ Առերևույթ փշոտ, կռվազան, քմահաճ, իրասածի  այս Էսֆիրայի մարդկային արժանիքները կարողանում է երբեմն-երբեմն այնպես հմտորեն ցուցանել, որ շատ շուտով, իրականում անչար իր խառնվածքով,  աննկատ հարազատանում է հանդիսասրահի մեծ ու փոքրին, մայրերին ու որդիներին։ Զավեշտածին իրադրությունների դիպաշարը  լիաթոք ծիծաղով ընկալող հանդիսատեսը, լարված հետևելով  հիմնականում Էսֆիրայի բնակարանից Լիզայինը  տեղափոխվող  գործողություններին, ճիշտ և ճիշտ մեծահոգի ու սիրառատ Լիզայի հանգույն, համակրում ու կարեկցում  է Սանթրոսյանի կրակ ու բոց մայրիկին, կիսում ակնթարթորեն հաղթահարվող տրտմությունը՝ իրազեկված կենսական չարաղետ հանգամանքներին։    
Մեծ Հայրենականի բովով անցած, ձախողված անձնական կյանքի վերքերը Սանթրոսյանի  Էսֆիրան, փաստորեն,  մինուճար որդու՝ Լյովայի ու հայրենի Բոբրույսկից իրեն բաժին հասած միակ ու միայնակ, անզավակ  հարազատի՝  Լիզայի ճակատագրերի միանձնյա, ըստ իրեն՝ խելամտորեն, տնօրինելով   է ամոքում։ Որպես կանոն,  կարծես բնազդաբար, ծայրահեղությունների գիրկն է ընկնում,   տեսակի անդրդվելիությամբ հաճախ է համբերությունից  հանում  իր տքնանքը երախտագիտությամբ գնահատող, փշոտ բնավորությանը  հիմնականում անտրտունջ համակերպվող մտերիմներին։ «Լիդերային» նկրտումների անկասելիությամբ էլ ի վերջո կորցնում է որդուն, որն, ի դեպ, այդպես էլ չհայտնվելով բեմում, միս ու արյուն է ստանում  չորս գործող անձանց բեմական խոսքուզրույցով, դերակատարների կերպարային անմիջականությամբ։  Մայրական սիրո օրավուր ծանրացող մամլիչից ուժասպառված՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իրենից տարիքով կանանց անուղղելի սիրահար այս Լյովան, հարսանեկան շքեղ հանդիսությունից անմիջապես հետո, փախչում է նախանձելի  տաքուկ ու բարեկեցիկ  հարազատ օջախից,   ազգայնամոլ մոր կողմից պարտադրված ու կազմակերպված ամուսնությունից։ Սանթրոսյանի Էսֆիրան ոչ մի կերպ չի ուզում ընդունել  իր փայփայած հույսերի օդային դղյակի բնականոն փլուզումը, կրքոտ անհանդուրժողականությամբ պատռտում է որդու  գրավոր փաստերը։  Մի պահ միայն ապշահար կարկամում է, թվում է՝ ուր որ է կայծակնահար կտապալվի, բայց փրկարար փրփուր է վերստին գտնում, ապրելու ուժ տվող մի նոր խաբկանք։  Չհաշտվելով այն մտքի հետ, որ որդին փորձել է հակառակվել իր կամքին, անհեթեթ  տևական սպասումների, անհասկանալի գոյավիճակի է դատապարտում  իրականում այդպես էլ  չհարսնացած, դյուրահավատ ու սիրակարոտ Սոնեչկային /Նառա Սարգսյան/, ում հատուկ ընտրել ու  Մոսկվա էր «հրավիրել» Բոբրույսկից։   Բեմական մի ակնթարթ հույս է ներշնչում, թե  իր ուզածին մշտապես հասնողի համարում ունեցող Էսֆիրա-Սանթրոսյանին դարձի կբերի  իր քմայքներին հլու-հնազանդ, անուղղելի բարեգութ   Լիզայի անսպասելի անողոք ընդվզումը։ Երբ խեղճ-խեղճ, կարծես՝ թևաթափ,  իրեն դիմազերծող դաժան խոսքերից խորապես խոցված ու անօգնական շարժվում է  դեպի Լիզայի տան պատշգամբը,  սրտանց ցավում ես նրա մոտալուտ կորստյան համար։ Բայց   ինքնասպանության այդ  անհաջող փորձն ամենևին էլ  չի  ընկճում, զգաստացնում։ Ավելին,  այս Ֆիրոչկան,  երրորդ հարկից անքերծվածք «վայրէջք» կատարելուց ու, ճակատագրի հեգնանքով, ռենտգենի ապարատի խցին կից աստիճանից ընկնելիս ձեռքը հիվանդանոցում կոտրած, գիպսապատ տունդարձից հետո էլ կողի չի ընկնում. «Լիզա, իսկ դու կարո՞ղ ես հինգերորդ հարկից ցած նետվել...»։ Ի պատասխան՝ Լիզան, ով երջանիկ էր, որ Ֆիրոչկան  ողջ է մնացել, լիաթոք ծիծաղով փորձում է մեղմել նրա  հերթական ինքնաբավ դրսևորումը։ Շփոթահար  գառնուկ Սոնեչկա – Նառա  Սարգսյանին՝ Ֆիրոչկայի դեսպոտական սիրո հերթական, այս անգամ արդեն կամազուրկ  զոհին, պատմում է արտասովոր եղելությունը։ Ամենաարտասովորն  երկար  սպասեցնել  չի տալիս.  Մոսկվայում զինծառայությունն անցնող երբեմնի համադասարանցուց՝ Վիտյայից /Գրիգորի Հակոբյան/, նրան դեռևս 5-րդ դասարանից համակրող «զինվորիկից»,  սկեսուրի  նախաձեռնած կամավոր - պարտադիր տնային կալանքից ազատ կարճատև մի ժամանակահատվածում, իսկապես միամտաբար, հղիացած Սոնեչկան, պարզվում է,  Էսֆիրա Լվովնայի համար թոռ է ծնելու, անպայման՝ տղա, որին, ի պատիվ նրա հանգուցյալ ամուսնու, Բենիամին են կոչելու։ Չգիտես՝ խնդա՞ս, թե՝ լաս...
Աղջնակային անկեղծությամբ տպավորվող Նառա Սարգսյանի  զգացմունքառատ մանկամարդ հերոսուհին իրեն որդեգրած Սիմա մայրիկի մահից հետո նոր մայր է գտնում։  Քնարաշունչ Սոնեչկա-Սարգսյանի ինքնաբուխ  արտաբերած «մամա» բառից  հալչում է կարծես Էսֆիրա-Սանթրոսյանը,  արտասվախառն խենթանում։ Միայնակ ծերությունն իմաստավորող նոր խթան են գտնում  Լյովային միասին մեծացրած քույրիկները, վերածնվում  իրենց մերված Սոնյայով  ու նրա ապագա զավակի հեռանկարով։ Նրանց համար անհավանական, արտառոց ոչինչ չի եղել կարծես։ Իր գործին հմուտ մանկաբարձուհի Լիզան կընդունի ծնունդը,  գենետիկ շնորհաշատ դերձակ Ֆիրոչկան կշարունակի գիշերներ լուսացնել՝ կարուձևով պատշաճ վաստակելով... Ապրե՜լ է պետք, իսկ նրանք այլ կերպ չեն կարող իմաստավորել իրենց երկրային կեցությունը։ Եվ ավարտական տեսարանում, որպես ընտանեկան ալբոմում,  խանդաղատանքով  իրար փարված երեք  կանանց սիրո խաբկանքի դաշինքն  է  ամրագրվում։
 
 
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
(Ավանգարդ) 

скачать dle 10.6фильмы бесплатно