Մերսեդես

Մերսեդես

Ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքի երկու զավակները, ովքեր ծնվել ու մեծացել են Հունաստանում, անվերջ երազում են հայրենիքի մասին: Կորուսյալ երկրի ցավն ու մորմոքը սրտում նրանց ծնողները մահանում են Սալոնիկում՝ այդպես էլ նոր Հայաստանը չտեսնելով: Օրեցօր ծաղկող Սովետական Հայաստանի մասին լուրերը ամեն օր սողոսկում են Սալոնիկի նրանց բնակարան, բորբոքում սերն ու կարոտը աղջիկների հոգում, և ահա 48թ. մի օր աղջիկներից փոքրը՝ Զարուհին, որոշում է մեկընդմիշտ վերջ դնել տառապանքին ու մեկնել հայրենիք՝ այնտեղ նոր կյանք սկսելու համար: Սակայն նրա երազանքները բախվում են բոլորովին այլ իրականության, ամեն բացվող օրվա հետ հաղթահարելով նորանոր փորձություններ, այնուամենայնիվ, Զարուհին չի լքում Հայաստանը: Նրա կյանքում միակ լուսավոր կետը քրոջ՝ Մերսեդեսի հետ նամակագրական կապն է, որոնցում նա երբեք քրոջը նույնիսկ չի ակնարկում իր մոտ՝ Հայաստան գալու մասին: Հայ ազգի ամենամեծ ողբերգությունը՝ ցեղասպանությունը, ասես իբրև ճակատագրական դրոշմ, դաջվել է Զարուհու կյանքում և շարունակում է հետապնդել նաև նրա զավակներին: Երբևէ գործողություններում չհայտնվող Մերսեդեսը (Հ. Ղազանչյանի ներկայացման լուծումը այլ է) պիեսի առանցքում է` իբրև մի ազգի ճակատագրի, նրա գենետիկ հիշողության կրող: Պիեսի մի բևեռում ֆանտասմագորիան է, դիցաբանական տարերքն` իր` զոհաբերումը իբրև գերագույն և անխուսափելի իրողություն հասկացությամբ, իսկ մյուս բևեռում իրական դժոխքն է` եղեռնի զոհ, աշխարհասփյուռ հայի անողոք ճակատագիրը, որը նրան հետապնդելու է նույնիսկ մեկ դար անց: Զարուհին ևս զոհաբերվում է, քանի որ մեր ժամանակներում դատապարտելի է և վտանգավոր ճշմարիտ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ լինելը: Ահա թե ինչու պիեսը բնութագրված է իբրև «Հայրենասիրական ֆարս»: Այն հանգամանքը, որ պիեսի հերոսները գաղթականներ են Հունաստանից, համընկնում է մերօրյա այս ողբերգության արքետիպային կոնտեքստի հետ. չէ±որ տրագեդիան ստեղծվել է Անտիկ Հունաստանում:«Մերսեդեսը» Ճակատագրի, նախախնամության և մեր իրականության մեջտեղում հյուսված պատում է: Քավության նոխազ են դառնում բոլորովին անմեղ հերոսներ, մարդիկ, ովքեր ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՆ: Ստեղծագործության հիմքում իրական դեպքեր ու հերոսներ են: Պիեսը հաստատում է հայրենասիրության այնպիսի վեհ իդեալ, որը վեր է և՛ պատմական իրողություններից, և՛ նույնիսկ՝ ճակատագրի թելադրանքներից:

Ներկայացման մասին