«ՄԵՂՐԻ ՀԱՄԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ավելացվել է: 5-02-2014, 01:25

«ՄԵՂՐԻ ՀԱՄԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄԵրեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը փետրվարի 8-9-ին Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում կցուցադրի Շ. Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը:

 

Բեմադրությունը, ինչպես նաեւ երաժշտական ձեւավորումը իրականացրել է երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը: Հայ հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում այս ներկայացումը. յուրաքանչյուր ցուցադրություն պսակվում է ծափերի տարափով:

 
Մոսկվայում «Մեղրի համը» կցուցադրվի մայրենի լեզվով. կլինեն ռուսերեն լուսագրեր:
«Մեղրի համը» ներկայացման հիմքում մի երիտասարդ կնոջ պատմություն է, ով «անսպասելի» մայրացել է ու չի ցանկանում պատասխանատվություն կրել իր դստեր համար, եւ դուստր, ով «անսպասելի» ծնվել է, հոգատարության ու ջերմության կարիք ունի: Հոգատարության բացակայության եւ անտեսված լինելու արդյունքում սխալվելու հավանականությունը մի քանի անգամով ավելանում է:
 
Ներկայացման գլխավոր հերոսուհին՝ տասնյոթամյա Ջոն, հասուն կյանք ստիպված է մուտք գործել մենակ՝ առանց մոր հոգեպես աջակցության… Մայրը ֆիզիկապես ներկա է նրա կյանքում, սակայն այդքանը, եւ դա ավելի է ըմբոստացնում աղջնակին. նա այլեւս չի ցանկանում տեսնել մոր տղամարդկանց, տեղափոխվել մի «բնակարանից»  մյուսը, ինչպես ինքն է ասում` «ապրել ճամպրուկների վրա»:
 
Արդյո՞ք կշարունակի Ջոն մոր ճակատագիրը, արդյոք նրա մայրը` Էլենը, կհասկանա, որ աշխարհի մեծագույն հրաշքը մայրության բերկրանքն է... Այս եւ շատ այլ հարցադրումներ է բարձրացնում Գ. Մարգարյանի բեմադրությունը:
 
Ներկայացման առաջնախաղը  կայացել է 2013թ. մարտի 20-ին:
 
Նշենք, որ «Մեղրի համը» ցուցադրվել է Հայաստանի թատերական գործիչների միության կողմից անցկացվող Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական 8-րդ փառատոնի շրջանակներում: Ի դեպ, բեմադրիչի աշխատանքը, դերասանների խաղը բարձր են գնահատել փառատոնի աշխատանքներին հետեւող Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող. արտիստ, Չեխովի անվան ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ:
скачать dle 10.6фильмы бесплатно